Քննարկվել է «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին (AIM) Հայաստանի մասնակցությունը․ Գևորգ Մանթաշյանը հանդիպել է միջոցառման գլխավոր տնօրենին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած «Ամենամյա ներդրումային համաժողով»-ի (Annual Investment Meeting) գլխավոր տնօրեն Վալիդ Ֆարգալին:
Ամենամյա ներդրումային համաժողովը (AIM) AIM հիմնադրամի (AIM Congress) նախաձեռնությունն է, անկախ միջազգային կազմակերպություն, որը հանձնառու է հզորացնել համաշխարհային տնտեսությունը՝ խթանելով ռազմավարությունները և հեշտացնելով տնտեսական արտադրողականության բարձրացման և ընդլայնման հնարավորությունները:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի հնարավոր մասնակցությունը 2025թ. ապրիլի 7-9-ն Արաբական Միացյալ Էմիրություններում (Աբու Դաբի) կայանալիք «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին և այլ հարակից հարցեր:
Մանթաշյանը, ներկայացնելով նախարարության կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերն, առաջ քաշվող օրենսդրական բարեփոխումների փաթեթը, որոնք գալիս են խթանելու ոլորտի զարգացումն, անդրադարձել է Հայաստանի և նախարարության՝ ոլորտային տարբեր միջազգային հեղինակավոր միջոցառումների և ցուցահանդեսների մասնակցությանը, գրանցած արդյունքներին և ակնկալիքներին:
Վալիդ Ֆարգալն իր հերթին ներկայացրել է Աբու Դաբիում կայանալիք վերոնշյալ համաժողովի (AIM Congress) առջև դրված խնդիրներն ու նպատակները՝ ցուցադրելով ներդրումներ ներգրավելու վերաբերյալ արդի տեղեկատվություն, որը ստեղծում է ներդրումների ներգրավման ավելի լայն հնարավորություններ՝ ձգտելով զարգացնել երկրների միջև տնտեսական հարաբերությունները:
Ֆարգալն անդրադարձել է նաև ներդրումային պորտֆելներին, որոնք ներառված են լինելու համաժողովի օրակարգում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներ, համաշխարհային առևտուր, համաշխարհային արտադրություն, ապագա քաղաքներ, թվային տնտեսություն, ապագա ֆինանսներ, ստարտափներ և միաեղջյուրներ ու ձեռնարկատերեր:
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ համաժողովում Հայաստանի ներկայության ձևաչափի և ոլորտային համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ: