Գևորգ Մանթաշյանը «իԳործ»-ի հերթական շրջափուլի փակման միջոցառմանը կարևորել է պետության և կառավարության առջև դրված նպատակների իրականացման գործում Սփյուռքի համախոհների դերը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն օգոստոսի 29-ին ներկա է եղել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող ««իԳործ սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ պետական կառավարման համակարգում»» միջոցառման շրջանակներում կազմակերպվող «իԳործ» 2023-2024 թվականների շրջափուլի փակման արարողությանը:
Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ողջույնի իր խոսքում, անդրադառնալով ծրագրի հայանպաստ առաքելությանը, նշել է, որ պետության և կառավարության առջև դրված նպատակների և խնդիրների իրականացման գործում կարևոր է Սփյուռքի համախոհների դերը: Նա նաև հույս է հայտնել, որ պետական կառավարման համակարգում ձեռք բերված փորձն ու կատարած ներդրումն եղել է իմաստալից և արդյունավետ:
Բացման խոսքով հանդես է եկել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Շնորհավորելով ծրագրի շրջանավարտներին՝ հանձնակատարն ուրախությամբ նշել է, որ ինչպես մյուս տարիներին, այս անգամ ևս մասնակիցների մեծ մասը որոշել է իր կյանքն ու գործունեությունը շարունակել Հայրենիքում, ինչը Սփյուռքի ներուժի համախմբման լավագույն օրինակներից է: Զարեհ Սինանյանը, շնորհակալություն հայտնելով ծրագրի մասնակիցներին, հույս է հայտնել, որ ծրագիրը դրական առումով փոխել և դեռ փոխելու է նրանց կյանքը:
«իԳործ» 2023-2024 թվականների շրջափուլը հնարավորություն է ընձեռել 18 երկրից ժամանած 50 սփյուռքահայ մասնագետների մինչև մեկ տարի ժամկետով աշխատել ՀՀ պետական կառավարման տարբեր մարմիններում՝ ըստ պետական օղակների կողմից ներկայացված մասնագիտական կարիքների՝ ներդնելով սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում:
«իԳործ» 2023-2024 թվականների շրջափուլի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչությունում իրենց գործունեությունն են ծավալել ծրագրի մասնակիցներ Սամսոն Կարապետյանն ու Սարգիս Հեյզերը՝ Ռուսաստանից և Գերմանիայից: