Գևորգ Մանթաշյանը դասախոսություն է կարդացել Հումբոլդտի համալսարանի «Իրավագիտության» ֆակուլտետի ուսանողների համար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը օգոստոսի 7-ին այցելել է Հայ-Ռուսական համալսարան:
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Բեռլինի Հումբոլդտի համալսարանի «Իրավագիտության» ֆակուլտետից հյուրընկալված ուսանողների հետ և դասախոսություն անցկացրել «Արհեստական Բանականություն» և «Մարդու իրավունքների ժամանակակից հարցեր» թեմաներով:
Հանդիպման ընթացքում նախարարի առաջին տեղակալը խոսել է «Հանրային տեղեկությունների մասին» և «Կիբեռանվտանգության մասին» օրենքների նախագծերի տեսանկյունից տվյալների գաղտնիության և քաղաքականության կարևորության, արհեստական բանականության գործառնական նշանակության և հանրային, մասնավոր ոլորտներում կիրառելիության մասին: Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը Արհեստական բանականության կառավարման դաշինքի (AI Governance Alliance) անդամ երկիր է և ակտիվ մասնակցում է Արհեստական Բանականության կիրառության համաշխարհային կարգավորումների աշխատանքներում, միևնույն ժամանակ մշակում է լուծումներ պետական համակարգում կիրառության համար՝ որպես արդյունավետության բարձրացման շարժիչ: Անդրադարձ է եղել նաև ՀՀ կառավարության կողմից վերջերս ընդունված «Ամպայինն առաջինը» (“Cloud First Policy”) քաղաքականության մշակման և ներդրման որոշմանը:
Դասախոսության ավարտին նախարարի առաջին տեղակալն իր խոսքում կարևորել է նմանատիպ ուսանողական ծրագրերը և համագործակցությունը երկու երկրների համալսարաների միջև: