ՀՀ կառավարությունը շարունակում է գործուն քայլերով նպաստել մեր երկրում ռազմական արդյունաբերության զարգացմանը
ՀՀ կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում հաստատվել է ռազմական արդյունաբերության զարգացման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված հերթական նախագիծը։ Կառավարության սույն որոշմամբ շահույթի առավելագույն սահմանաչափ այլևս չկիրառելով (բացառությամբ ԳՀՓԿ աշխատանքների)՝ կապահովվեն կարգավորման այնպիսի մեխանիզմներ, որոնք առավել բարենպաստ պայմաններ կստեղծեն ՀՀ-ում ռազմարդյունաբերության ոլորտի հետագա զարգացման համար: Ցայսօր գործող կարգավորումներով ռազմարդյունաբերողները կարող էին ունենալ առավելագույնը 15% շահույթ։
Հաշվի առնելով ոլորտին բնորոշ բարձր ռիսկայնությունը՝ տարիներ շարունակ շահույթի առավելագույն սահմանաչափի կիրառումը զգալիորեն նվազեցնում էր կազմակերպությունների ներդրումային գրավչությունը, ինչն էլ, իր հերթին, դանդաղեցնում էր Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող այս ոլորտի զարգացումը։ Բացի այդ, հաշվի առնելով նաև ոլորտին բնորոշ լոգիստիկ, տեխնիկական և աշխարհաքաղաքական ռիսկերը՝ շահույթի առավելագույն սահմանաչափի կիրառումն անհամաչափ ռիսկեր էր ստեղծում կազմակերպությունների համար, ինչն էլ ավելացնում էր պետական պատվերների ձախողման հավանականությունը։
Շահույթի առավելագույն սահմանաչափ չկիրառելը խթանելու է կազմակերպությունների արտադրական գործընթացների բարելավմանը, ոլորտի զարգացմանն ու առաջխաղացմանը՝ բարձրացնելով ռազմարդյունաբերական ընկերությունների մրցունակությունը ներքին և միջազգային շուկաներում։