Министерство высокотехнологической промышленности РА
Министерство Высокотехнологической
Промышленности Республики Армения

«Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին կհատկացվի ևս 1 մլրդ 940 մլն դրամ` հետագա աշխատանքների անընդհատությունն ապահովելու համար

Կառավարությունը հաստատել է «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրի հետագա իրականացման ու աշխատանքների անընդհատությունն ապահովելուն առնչվող որոշման նախագիծը՝ հատկացնելով 1,94 միլիարդ դրամ: Նախագիծը Կառավարության սեպտեմբերի 19-ի նիստում ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: 

«2024 թվականի մայիսի 31-ից հետո՝ պայմանավորված Համաշխարհային բանկի հետ վարկային պայմանագրի ժամկետի ավարտով, իրականացման ենթակա նոր աշխատանքների, ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցներով ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից՝ առաջարկվում է «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագրի չօգտագործված միջոցներից 1.94 մլրդ դրամ հատկացնել «Ինժեներական քաղաք» ծրագրին:

Նշված գումարից 1.88 մլրդ դրամը կուղղվի 2024թ. համար նախատեսված Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման և կահավորման աշխատանքներին, իսկ 67.9 մլն դրամը՝ Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի և ընդհանուր ենթակառուցվածքների համակարգման, պահպանման, սպասարկման աշխատանքներին:

Քանի որ ՀՀ կառավարության 2020 թվականի համապատասխան որոշմամբ «Ինժեներական քաղաք» ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, նախատեսվում է սպասարկման, պահպանման աշխատանքներն իրականացնել նշյալ հիմնադրամի կողմից՝ վերջինիս հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու միջոցով»-զեկուցել է նախարարը: 

Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նաև «Ինժեներական քաղաքում» մինչ այս պահը կատարված աշխատանքները, քաղաքի կառուցման կարևորությունը, ինչպես նաև  «Ինժեներական քաղաք» 1-ում աշխատողների թիվը՝ ըստ տարիների: Եթե 2019 թվականին «Ինժեներական քաղաք» 1-ում կար 80 աշխատատեղ, այս պահին 350-ն են, որոնցից 300-ն ինժեներներ են: Այս պահին այնտեղ ներկայացված են 22 ինժեներական ընկերություններ:

 

Похожие сообщения