ԱԺ կողմից 2-րդ ընթարցմամբ ընդունվել է 5G տեխնոլոգիայով լայնաշերտ ցանցերի զարգացմանն ուղղված նախագիծը
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամաբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։ Օրինագծին կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 21:
Նախարարը նշել է, որ Հայաստանում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ներդրման ու զարգացման՝ այդ թվում՝ լիարժեք 5G տեխնոլոգիային բնորոշ տվյալների հաղորդման բարձր արագություններով և ցանցի փոքր ընդհատումներով ծառայությունների մատուցումն ապահովելու համար անհրաժեշտ ռադիոհաճախականային ռեսուրսների տրամադրման աշխատանքների շրջանակում, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի օգոստոսի 6-ի հրամանով ազատականացվել և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տնօրինման է հանձնվել 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածը:
«Նշված հաճախականությունների հատվածը հանդիսանում է շարժական լայնաշերտ կապի ցանցերում 5G տեխնոլոգիաների ներդրման համար Հեռահաղորդակցության համաշխարհային միության կողմից առաջարկված ամենագրավիչ հաճախականությունների տիրույթը»,- պարզաբանել է Մխիթար Հայրապետյանը։
Նշվել է նաև, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի հունվարի մեկ այլ հրամանով՝ դեռևս 1 տարի առաջ, ազատականցվել էր ավելի ցածր՝ 2300-2400ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթը, որն ըստ դրա օգտագործման նախատեսված է նաև շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրման և զարգացման համար:
«Նկատի ունենալով վերոնշյալը, ինչպես նաև հանրապետությունում շարժական կապի 5G տեխնոլոգիայի ներդրման և զարգացման աշխատանքների արդյունավետության ապահովման նկատառումներով 2300-2400 ՄՀց և 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների մրցութային հիմունքներով տրամադրման և օգտագործման պարտադիր վճարների չափերի սահմանման վերաբերյալ քննարկումները, անհրաժեշտություն է առաջացել 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանել ռադիոհաճախականությունների տվյալ տիրույթների համապատասխան հատվածների տրամադրման և օգտագործման վճարները»,- ասել է նախարարը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ նկատի ունենալով արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ծառայությունների մատուցման կազմակերպումը, անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաև ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման, և ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարներ՝ արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի համար։
«Ըստ էության, Հայաստանում շարժական 5G լայնաշերտ կապի կազմակերպման, ինչպես նաև արբանյակային ինտերնետ կապի հասանելիությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ ռադիոհաճախականությունների տրամադրման և օգտագործման համար սահմանել ենք կոնկրետ գումարներ։ Մասնավորապես՝ շարժական 5G լայնաշերտ կապի համար տրամադրվելիք 1 ՄՀց հաճախականության համար պարտադիր միանվագ վճարը սահմանվել է 25 000 000 դրամ, իսկ տարեկան օգտագործման վճարը՝ 16 800 000 դրամ։ Արբանյակային ինտերնետի պարագայում՝ միանվագ 3 000 000 դրամ, և տարեկան՝ 3 000 000 դրամ՝ հաճախականությունների օգտագործման մասով։
Մենք ակնկալում ենք, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, եթե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչև տարեվերջ հայտարարի մրցույթ և լինեն շահողներ, 5G տեխնոլոգիայով լայնաշերտ ցանցերի զարգացմանն ու միջազգային միտումներին համահունչ հեռահաղորդակցության ոլորտի շարունակական դինամիկ զարգացման համատեքստում՝ 300 ՄՀց հաճախականային հատվածը տրամադրելու պարագայում, կապահովվի առնվազն 7 մլրդ 500 մլն դրամի միանվագ և 5 մլրդ 40 մլն դրամ տարեկան ՀՀ պետական բյուջեի լրացուցիչ մուտքեր»,- եզրափակել է Մխիթար Հայրապետյանը։