Министерство высокотехнологической промышленности РА
Министерство Высокотехнологической
Промышленности Республики Армения

Միջազգային հեղինակավոր նորարարական հարթակ և ստարտափ աքսելերատոր Plug and Play-ը, որն ունի ներկայություն աշխարհի ավելի քան 50 երկրներում, 2025 թվականին Հայաստանում հիմնել է մասնաճյուղ՝ Plug and Play Armenia և համագործակցելով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ եռամյա համագործակցության շրջանակներում իրականացնելու է տարեկան 2 ծրագիր։ Ծրագրերի տևողությունը 3-4 ամիս է՝ անցանց (in person) տարբերակով: Այս համատեղ նախաձեռնության նպատակն է աջակցել և մասշտաբավորել Հայաստանի ամենախոստումնալից տեխնոլոգիական ստարտափները՝ տրամադրելով նպատակային աջակցություն ձեռնարկատիրական զարգացման բոլոր փուլերում։

Plug and Play Armenia-ն իրականացնում է երեք հիմնական ծրագիր՝ Ինկուբացիա, Նախաաքսելերացիա և Աքսելերացիա, որոնք մշակված են ստարտափների զարգացման տարբեր փուլերին համապատասխան և ուղղված են գաղափարից մինչև ներդրումային պատրաստվածություն ու շուկայի ընդլայնում հասնելու գործընթացի արագացմանը։

Ինկուբացիոն ծրագիր

Ինկուբացիոն ծրագիրը նախատեսված է վաղ փուլում գտնվող ստարտափների համար, որոնք դեռևս վավերացնում են իրենց գաղափարները և ձևավորում բիզնես մոդելի հիմքերը։ Ծրագրի շրջանակում մասնակիցները ստանում են ռազմավարական մենթորություն, ոլորտային փորձագետների աջակցություն, համատեղ աշխատանքային տարածքների հասանելիություն և նպատակային ռեսուրսներ՝ արժեքային առաջարկը հստակեցնելու, շուկա դուրս գալու ռազմավարությունը մշակելու և հաջորդ զարգացման փուլերին պատրաստվելու համար։ Ստարտափները նաև օգտվում են Plug and Play-ի գլոբալ ցանցից՝ ձեռք բերելով միջազգային գործընկերների և հաճախորդների հետ կապեր։

Նախաաքսելերացիոն ծրագիր

Նախաաքսելերացիոն ծրագիրը նախատեսված է այն ստարտափների համար, որոնք արդեն իսկ ցուցադրել են նախնական արդյունքներ և ձգտում են վերածվել մասշտաբավորվող բիզնեսների։ Ծրագիրը կենտրոնացած է հաճախորդների բացահայտման, պրոդուկտի զարգացման, բիզնես մոդելավորման և վաղ վաճառքների ռազմավարությունների վրա։ Ինտենսիվ դասընթացների, փորձագիտական խորհրդատվության և համայնքային աջակցության միջոցով ստարտափները բարձրացնում են իրենց գործառնական կարողությունները և ներդրումային պատրաստվածությունը։

Աքսելերացիոն ծրագիր

Աքսելերացիոն ծրագիրը նախատեսված է բարձր ներուժ ունեցող ստարտափների համար, որոնք պատրաստ են արագ աճի և միջազգային շուկաներ դուրս գալուն։ Մասնակիցները ստանում են հասանելիություն Plug and Play-ի լայն կորպորատիվ և ներդրումային ցանցին, մասնակցում են աճի մարտահրավերներին համապատասխան կառուցվածքային կրթական ծրագրի և հնարավորություն են ստանում իրականացնել պիլոտային նախագծեր ռազմավարական գործընկերների հետ։ Ծրագիրը նպաստում է ներդրումային պատրաստվածության բարձրացմանը, ակտիվ ներդրողների հետ կապերի հաստատմանը և ստարտափների միջազգային տեսանելիության ընդլայնմանը։

Plug and Play Armenia-ն և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համատեղ աշխատում են Հայաստանի նորարարական էկոհամակարգի զարգացման ուղղությամբ՝ հիմնադիրներին տրամադրելով համաշխարհային մակարդակի աջակցություն և հնարավորություն ընձեռելով հայկական ստարտափներին մրցունակ լինել գլոբալ շուկայում։

Plug and Play Armenia-ի և ծրագրերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվության համար այցելեք պաշտոնական կայքէջը: