Մեկնարկել է Կիբեռանվտանգության հաքաթոնը. Մխիթար Հայրապետյանն ընդգծել է կիբեռպաշտպանության կարևորությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 9-ին Ծաղկաձորում մասնակցել է Կիբեռանվտանգության հաքաթոնի բացման արարողությանը, որն իրականացվում է ԲՏԱ նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցության շրջանակում։
Ողջունելով մասնակիցներին և կարևորելով նման միջոցառումների անցկացումը՝ նախարար Հայրապետյանը նշել է, որ հատկապես վերջին տարիներին Կառավարությունը շատ է խոսում կիբեռպաշտպանության ոլորտում պետության կարողունակություններն ընդլայնելու անհրաժեշտության, կրիտիկական ենթակառուցվածքներն ու կենսական ծառայությունները պատշաճ կերպով պաշտպանելու, ինչպես նաև համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող մարդկային կապիտալ ձևավորելու անհրաժեշտության մասին։
«Հավատարիմ մնալ թվային վերափոխման օրակարգին, դառնալ տեխնոլոգիապես զարգացած պետություն՝ առերեսվելով կիբեռխոցելիության ռիսկերի ու դրանցից բխող նոր վտանգների հե՞տ, թե՞ վախենալ, ներամփոփվել ու հրաժարվել այդ օրակարգից։ Կարծում եմ՝ այս դիլեման այլևս չկա, մենք կատարել ենք մեր ընտրությունը և դա թվայնացված Հայաստանն է»,- նշել է Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը հետ չի կանգնելու տեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն դառնալու իր երազանքից և հաստատուն քայլերով գնալու է այդ ճանապարհով, բայց, միևնույն ժամանակ, խոշոր ներդրումներ է անելու կիբեռպաշտպանության և տեղեկատվական անվտանգության ոլորտներում։
Միջոցառման մասնակիցներին ողջունել և հաջողություն է մաղթել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը: Նա ընդգծել է պետություն-մասնավոր հատված համագործակցության կարևորությունը, որի լավագույն օրինակներից է այս ծրագիրը։
Հաքաթոնը կանցկացվի հուլիսի 9-11-ը։ Մասնակցում են պետական կառույցների, ֆինանսական, հեռահաղորդակցության և կենսական նշանակության ծառայություններ մատուցող ընկերությունների տասնյակ մասնագետներ: Թիմերը առաջադրված խնդիրներին տեխնոլոգիական լուծումներ կառաջարկեն։ Լավագույն լուծումներ առաջարկած 3 թիմերը կպարգևատրվեն համապատասխանաբար 2.5, 1.5 և 1 միլիոն ՀՀ դրամով:
Միջոցառման նպատակն է բարձրացնել ՏՏ, տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության ոլորտի մասնագետների կարողություններն ու պատրաստվածությունը՝ դիմակայելու կիբեռսպառնալիքներին և մարտահրավերներին, խթանել կրիտիկական ենթակառուցվածքների միջև համագործակցությունը՝ ամրապնդելու կիբեռմիջադեպերին արձագանքելու ճկունությունը: