ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է ԱԶԲ ներկայացուցիչներին․ քննարկվել են համագործակցության խորացման հնարավորությունները
- Հրապարակվել է՝ 13/11/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
Նոյեմբերի 13-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության մասնավոր հատվածի զարգացման տարածաշրջանային ղեկավար Էնրիկո Պինալի գլխավորած պատվիրակության հետ։
Ողջունելով պատվիրակությանը՝ նախարարի տեղակալը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ոլորտային ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև անդրադարձել ռազմավարական առաջնահերթություններին։
Էնրիկո Պինալին իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և համագործակցության հնարավորության համար՝ խոսելով ԱԶԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության խորացման մի շարք հնարավորություններ։ Առանձնահատուկ կարևորվել է հեռահաղորդակցության և փոստային ծառայությունների թվայնացման և արդիականացման օրակարգը, ինչպես նաև նախարարության կողմից այդ ոլորտում ստանձնած պարտավորությունները և իրականացվող աշխատանքները։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները՝ համագործակցության խորացման հետ կապված հարցերը հստակեցնելու նպատակով։


