Համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների, ավելի քան 100 ստարտափների մասնակցություն. Կմեկնարկի տարվա ամենատեխնոլոգիական WCIT2024/DigiTec միջոցառումը
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 4-7-ը տեղի կունենա Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT 2024-ը, որն անցկացվում է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անմիջական համակարգմամբ: Համաժողովի օրերին Հայաստանը կվերածվի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարյուրավոր միջազգային մասնակիցներով լի հարթակ ոլորտի և թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և այլ հետաքրքիր իրադարձությունների համար։ Այս տարի միջոցառմանը զուգընթաց հոկտեմբերի 4-6֊ը կանցկացվի «Դիջիթեք 2024» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնում, որի մուտքը բոլոր հյուրերի համար ազատ է:
WCIT2024/DigiTec-ի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին ներկա էին ոլորտի առանցքային դեմքեր, այդ թվում ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական, WCIT2024 համակարգող Նազելի Հայրապետյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE/ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը, WCIT 2024-ի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, միջոցառման կազմակերպման գործընկեր հանդիսացող Fastex ընկերության տնօրենների խորհրդի անդամ Վահագն Բադալյանը:
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական, WCIT 2024-ի համակարգող Նազելի Հայրապետյանը նշել է, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը որդեգրել է նմանատիպ մեծ մասշտաբային միջոցառումների անցկացումը Հայաստան բերելու քաղաքականություն․ «Մեզ համար չափազանց կարևոր է նմանատիպ լայնամասշտաբ միջոցառումների հյուրընկալումը Հայաստանում, որը միջազգային հարթակներում մեր երկրին ներկայանալի դառնալու հնարավորություն է տալիս։ Սա նաև բացառիկ հնարավորություն է տալիս ոլորտի ներդրողներին բացահայտելու հայկական ՏՏ ոլորտը և ներդրումային ու համագործակցային կապեր ստեղծելու։ Այս համագործակցությունը պետություն-մասնավոր գործակցության հաջողված փորձ է, որը ևս մեկ անգամ գալիս է Հայաստանը տեխնոլոգիական քարտեզի վրա ընդգծելու»:
Ալեքսանդր Եսայանն ընդգծել է WCIT2024-ի կարևորությունը՝ նշելով, որ այս տարվա միջոցառումը խոշորագույնն է լինելու Հայաստանի ՏՏ ոլորտի պատմության մեջ։
«Հարյուրավոր հյուրեր կմասնակցեն արհեստական բանականությանը և նորարարական լուծումներին նվիրված քննարկումներին՝ ուսումնասիրելով, թե ինչպես է արհեստական բանականությունը ձևավորում համաշխարհային բիզնես միջավայրի ապագան։ Մենք հպարտ ենք, որ կրկին անցկացնում ենք այս միջոցառումը, որն արդեն իսկ զգալի ներդրում է ունեցել հայկական ընկերությունների համար միջազգային հարաբերությունների և բիզնես հնարավորությունների զարգացման գործում»,֊ նշել է նա:
Միջոցառումը կմեկնարկի հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հետաքրքիր համերգով, որին կհաջորդի մի շարք քննարկումներ և շնորհանդեսներ աշխարհի առաջատար փորձագետների կողմից: Հիմնական թեմաները կլինեն արհեստական բանականության ազդեցությունը արդյունաբերության վրա և այն, թե ինչպես Հայաստանը կարող է օգտագործել այդ տեխնոլոգիան իր տնտեսական և տեխնոլոգիական զարգացման համար:
Միջոցառմանը կմասնակցեն նաև շուրջ 100 ստարտափներ, ինչի շնորհիվ «Դիջիթեք 2024» կդառնա խոշորագույնն իր պատմության մեջ ՝ մասշտաբներով, մասնակից ընկերությունների քանակով և հովանավորներով: Միջազգային լրատվամիջոցները լայնորեն կլուսաբանեն միջոցառումը: ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը ընդգծել է՝ միջոցառման հիմնական նպատակը միջազգային հյուրերին Հայաստանի էկոհամակարգը ցույց տալն է։
WCIT2024/DigiTec 2024-ը խոստանում է աննախադեպ հնարավորություն դառնալ հայկական ընկերությունների համար կապեր, համագործակցություն հաստատելու և իրենց նորարարությունները համաշխարհային լսարանին ներկայացնելու համար, ինչն էլ ավելի կամրապնդի Հայաստանի ՝ որպես միջազգային տեխնոլոգիական էկոհամակարգի առանցքային դերակատարի դիրքերը: