Նախարարությունը կարևորում է ՏՏ ոլորտի ընկերությունների մասնագիտական կարողությունների զարգացումը. ավարտվել են Sunny School-ի «Level Up» ծրագրի դասընթացները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համաֆինանսավորմամբ Sunny School ուսումնական կենտրոնը «Level Up» ծրագրի շրջանակում ՏՏ ոլորտի 441 աշխատակցի համար իրականացրել է անվճար վերապատրաստում 8 մասնագիտական ուղղություններով:
Դասընթացների ամփոփումն ու մասնակիցների ավարտական վկայականների հանձնման արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը, Sunny School ուսումնական կենտրոնի տնօրեն Էլբակ Էլբակյանը, դասախոսական կազմը և շրջանավարտները։
Հայկ Ենգիբարյանը շնորհավորել է ծրագրի մասնակիցներին, նշել, որ նախարարությունը կարևորում է տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների մասնագիտական կարողությունների զարգացումը։ Այդ նպատակով բազմաթիվ ծրագրեր են առաջարկվում ոլորտին՝ բարելավելու աշխատակիցների մասնագիտական կարողությունները, գրանցելու որակական առաջընթաց։
ՏՏ ոլորտի աշխատակիցների համար անվճար վերապատրաստման դասընթացներն իրականացվել են Linux, Cybersecurity, CCNA, UI/UX, Machine Learning/Data Science, React.Js, DevOps և Node.Js ուղղություններով։