«Շրջապատվե՛ք ձեզ խրախուսող մարդկանցով, որոնք հավատում են ձեր երազանքին նույն նվիրումով, ինչպես՝ դուք». Մխիթար Հայրապետյանը ողջունել է Հայ-ռուսական համալսարանի շրջանավարտներին
Նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 20-ին մասնակցել է Հայ-ռուսական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը։
Նախարարը շնորհավորել է շրջանավարտներին նշանակալի իրադարձության կապակցությամբ, բարի երթ մաղթել, նաև նշել, որ դեպի մեծ կյանք ճանապարհորդության ընթացքում նրանք բազմաթիվ խոչընդոտների ու մարտահրավերների կարող են հանդիպել, որոնց պետք է պատրաստ լինել դիմագրավելու։
«Կլինեն պահեր, երբ ճանապարհը զառիթափ կթվա, իսկ նպատակը՝ շատ հեռու: Շատերը կարող են կասկածել ու շշնջալ ձեր ականջին, թե ձեր երազանքներն անիրագործելի են, հարկավոր է քչով բավարարվել: Այդ շշուկները կարող են հնչել անծանոթներից, ծանոթներից կամ նույնիսկ՝ ամենամտերիմներից: Բայց հիշե՛ք, որ նրանք չեն գծում ձեր սահմանները, այլ դուք:
Շրջապատվե՛ք ձեզ խրախուսող մարդկանցով, որոնք հավատում են ձեր երազանքին նույն նվիրումով, ինչպես՝ դուք: Նրանք կոգևորեն ձեզ դժվար պահերին, կփոխանցեն իրենց ուժը, երբ ձերը չբավարարի: Թույլ տվեք նրանց լինել ձեր կողքին, մարդկանց, որոնք տեսնում են ձեր ներուժը և աջակցում ձեր իղձերին։
Որպես համալսարանի համասեփականատեր և համահիմնադիր հանդիսացող ՀՀ կառավարության անդամ՝ կարևոր եմ համարում ՀՌՀ դերը՝ ոլորտի բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու գործում համալսարանի երեք՝ Ինժեներաֆիզիկական, Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտների կարևորությունը»,- ասել է Մխիթար Հայրապետյանը` դիմելով շրջանավարտներին։
Շրջանավարտներին ողջունել և բարի երթ են մաղթել նաև համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը, դասախոսներն ու շրջանավարտների ծնողները։
1997 թվականից ի վեր Հայաստանում գործունեություն ծավալած Հայ-ռուսական համալսարանն իր 8 ինստիտուտներով՝ Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, Ինժեներաֆիզիկական, Կենսաբժշկություն և դեղագործության, Էկոնոմիկայի և բիզնեսի, Իրավունքի և քաղաքականության, Հումանիտար գիտությունների, Մեդիայի, գովազդի և կինոյի, Արևելագիտության, մասնագետների բազմաթիվ սերունդներ է կրթել։
Հատկանշական է, որ համալսարանին կից գործում է հրատարակչություն, որտեղ հրատարակվում է ուսումնական գրականություն, հայ և ռուս դասականների գործեր։