Министерство высокотехнологической промышленности РА
Министерство Высокотехнологической
Промышленности Республики Армения

Վարչապետ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին

ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 14-րդ արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը և այլք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է «Infosys Limited» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին:

Իր խոսքում վարչապետը շնորհավորել է Նարայանա Մուրթիին՝ ՀՀ պետական մրցանակը ստանալու առիթով և գոհունակություն արտահայտել, որ Հայաստանի Հանրապետությունում նման մրցանակ գոյություն ունի: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս մրցանակը հարգանքի և գնահատանքի տուրք է տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում հեղափոխական ներդրում ունեցած գործիչներին:

«Բայց կարծում եմ, որ այս մրցանակաբաշխությունը կարևոր է նաև Հայաստանի Հանրապետության համար: Ինչո՞ւ, որովհետև կարծում եմ, որ այս մրցանակը փոխում է աշխարհին նայելու մեր դիտանկյունը և փոխում է աշխարհի՝ Հայաստանի Հանրապետությունն ընկալելու դիտանկյունը: Սա կարևոր է այն տրամաբանությամբ, որ մենք ոչ միայն գնահատանք, կարեկցանք կամ համակրանք ենք ակնկալում աշխարհից, այլև մենք նույնպես կարող ենք մատուցել գնահատանք և կարող ենք մեր համակրանքն արտահայտել ահա այսպիսի կարևոր և արժեքավոր մրցանակաբաշխությանը»,- ընդգծել է երկրի ղեկավարը՝ ավելացնելով, որ մեզ համար այս մրցանակաբաշխությունը մի ուրիշ դիտանկյունից նույնպես կարևոր է:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մրցանակակիրներին և այսօր նաև պարոն Մուրթիին ներկայացնելիս արժանի կերպով հնչում է «տեխնոլոգիական ոլորտի գիգանտ» արտահայտությունը, և դա ակնհայտորեն այդպես է ու այսօրվա միջոցառումը դրա մասին է վկայում: Վարչապետը նշել է, որ այս մրցանակաբաշխության համատեքստում մրցանակակիրներին մեր հանրությանը ներկայացնելիս պետք է ուշադրություն հրավիրել նրանց կենսագրության վրա: «Դրա ամենաառանցքային առանձնահատկություն այն է, որ նրանք, ներողություն, որպես գիգանտ չեն ծնվել, նրանք դարձել են գիգանտներ, նրանք դարձել են շրջադարձային ներդրում ունեցող մարդիկ: Իհարկե, ենթադրվում է, որ ի սկզբանե Բարձրյալը կոնկրետ ճակատագիր և ծրագիր է ներդրել նրանց կյանքի և կենսագործունեության մեջ, բայց ակնհայտ է, որ առանց աշխատանքի, ակնհայտ է, որ առանց կրթության, և պիտի նաև խոստովանել, որ ակնհայտ է, որ առանց ձախողումների այդ հաջողությունները հնարավոր չէր լինի արձանագրել: Ինչո՞ւ եմ կարևորում, ես հույս ունեմ, որ այս մրցանակաբաշխության և մրցանակակիրների ներկայության առիթը մենք կարողանում ենք և կկարողանանք օգտագործել հատկապես մեր պատանիներին, երիտասարդներին, ուսանողներին մեր հարգարժան մրցանակակիրների կյանքի պատմությունը ներկայացնելու»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր մրցանակակրի կյանքի պատմություն մի բան է, որը ոչ միայն արժանի է իմանալու, այլև ցանկացած իմացողի լրացուցիչ խթան, լիցք և ոգևորություն հաղորդելու շատ մեծ էներգիա և պոտենցիալ ունի:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ շարժառիթներից մեկը, որով այս միջոցառումը կազմակերպվում է՝ հետևյալն է. նախ այն գնահատանքի արտահայտություն է այդ մարդկանց կյանքի անցած ճանապարհին: «Մեր համոզմամբ, նրանց անցած ճանապարհի վրա ուշադրություն հրավիրելն օգտակար կարող է լինել ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհում ցանկացած երկրի երիտասարդության համար, ովքեր կարող են այդ օրինակներով ոգևորվել: Իհարկե մեր մրցանակակիրները, տվյալ դեպքում հարգարժան պարոն Մուրթին իր ներկայությամբ պատվում է բոլորիս, Հայաստանի Հանրապետությանը, և մենք ահա այս պաշտոնական միջոցառմամբ պատվում ենք մեր մրցանակակիրների, այս դեպքում՝ հարգարժան պարոն Մուրթիի ձեռքբերումները և ներդրումները:

Մեծարգտո պարոն Մուրթի, կրկին ընդունեք մեր խորը հարգանքների հավաստիքը և մեր գնահատանքը Ձեր անցած ճանապարհին, տեխնոլոգիական ոլորտում Ձեր ունեցած ներդրման և Ձեր գլոբալ ազդեցության նկատմամբ»:

Իր խոսքում Նարայանա Մուրթին շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատանքի համար և ընդգծել, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ Հայաստանի Հանրապետության մրցանակի:

Похожие сообщения