Ռուբեն Սիմոնյանը «Ուշացած Վարդավառ 2024» տեխնո-կրթական ճամբարի բացմանը հորդորել է երիտասարդներին հավատալ երազանքներին և երազանքին հասնելը դարձնել նպատակ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հուլիսի 29-ին մասնակցել է Դիլիջանում անցկացվող ՁԻՀ «Ալիք» երիտասարդական նախաձեռնության «Ուշացած Վարդավառ 2024» տեխնո-կրթական ճամբարի բացմանը։
Նախարարի տեղակալն իր ելույթում խոսել է մասնագիտական կողմնորոշման, յուրաքանչյուր ոլորտում՝ հատկապես տեխնոլոգիաների, հաջողության հասնելու հնարավորությունների շուրջ։
Ռուբեն Սիմոնյանը կիսվել է իր հաջողության պատմությամբ, աշխատանքային ձեռբերումներով, այդ ճանապարհին հանդիպած դժվարություններով և թե ինչպես է հաղթահարել դրանք: Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև իր գիտելիքն ու փորձը պետությանը ծառայեցնելու կարևոր որոշմանը՝ նորարաության ու տեխնոլոգիաների միջոցով պետականաշինության գործում սեփական ներդրումն ունենալու համատեքստում:
«Միշտ խոսել ու հավաստիացրել եմ երիտասարդներին, որ Հայաստանում հնարավոր է զբաղվել տեխնոլոգիաներով, ինովացիաներով ու ինժեներությամբ, դառնալ պրոֆեսիոնալ, որն իր դերը կունենա համաշխարհային տեխնոլոգիական ոլորտում»,-ասել է Ռուբեն Սիմոնյանը, նաև հորդորել, որպեսզի երիտասարդները հավատան իրենց երազանքներին, երազանքին հասնելը դարձնեն նպատակ, յուրաքանչյուր հնարավորություն օգտագործեն այդ նպատակին հասնելու համար։
«Ուշացած Վարդավառ 2024» տեխնո-կրթական ճամբարը եզակի հնարավորություն է Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող երիտասարդների համար լսել տեխնոլոգիական ոլորտի լավագույն փորձագետներին՝ ծանոթանալով ժամանակակից տեխնոլոգիական գործիքներին, միաժամանակ գեներացնելով ստարտափ և սոցիալական նշանակության գաղափարներ։
Այս տարի ճամբարին մասանկցում է շուրջ 300 երիտասարդ՝ 20 թիմ, ՀՀ բոլոր մարզերից և Երևանից՝ համաչափ բաշխումով։