Հայաստանը պատրաստ է ընդունել «Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթը». ԲՏԱ նախարարն ընդունել է ICPC հիմնադրամի նախագահ Բիլ Փաուչերի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանը պատրաստ է ընդունել «Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթը» (ICPC), որը բացառիկ հնարավորություններ է առաջարկում մեր մոլորակի երիտասարդ ծրագրավորողներին՝ ցուցադրելու իրենց հմտությունները և զարգանալու միջազգային մակարդակում։
Հուլիսի 17-ին նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ICPC հիմնադրամի նախագահ Բիլ Փաուչերի գլխավորած պատվիրակությանը:
Բիլ Փաուչերը ներկայացրել է ICPC-ի առաքելությունը՝ նշելով, որ սա յուրատեսակ օլիմպիական խաղեր են ուսանողների և ասպիրանտների համար: Հանդիպմանը կարևորվել է Հայաստանի համալսարանների և ICPC-ին առընթեր հաստատությունների միջև համատեղ հետազոտական ծրագրերի իրականացումը:
ԲՏԱ նախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել՝ ICPC-ի մրցույթը Հայաստանում անցկացնելու։ Այս նախաձեռնությունը մեծ պատիվ է Հայաստանի համար և հրաշալի հնարավորություն երիտասարդ հայ ծրագրավորողների համար՝ մասնակցելու միջազգային մրցույթին հենց իրենց երկրում։
ICPC-ն ալգորիթմական ծրագրավորման մրցույթ է։ Թիմերը մրցում են խնդիրների լուծման արագության, ստեղծագործական ունակությունների և նորարարության ուղղություններով: Թիմերը մրցում են տարածաշրջանային մակարդակով՝ աշխարհի եզրափակչի ուղեգիր նվաճելու համար։ Հաղթողները պայքարելու են աշխարհի չեմպիոնի կոչման համար։
Ծրագրի հնարավորություններն են՝
- Միջազգային ճանաչում. Հայաստանը կդառնա միջազգային տեխնոլոգիական կենտրոն։
- Համագործակցություն. համատեղ հետազոտական ծրագրերի հնարավորություն։
- Նորարարություն. նոր հետազոտական լաբորատորիաների ստեղծում։
- Կրթական առաջընթաց. Տեխնոլոգիական կրթության զարգացման խթանում։
- Երիտասարդների զարգացում. Երիտասարդ ծրագրավորողների մասնակցություն միջազգային մակարդակի մրցույթին։
Այս բոլոր ջանքերը նպաստում են Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին, ստեղծում նոր հնարավորություններ երիտասարդների համար և խթանում միջազգային համագործակցությունը գիտության և կրթության ոլորտներում։