Ոլորտային փոխգործակցության ընդլայնման նպատակով Հայաստանում է Վրաստանի պատվիրակությունը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հուլիսի 3-ին ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Իրակլի Նադարեիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտային համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններ։ Անդրադարձ է կատարվել նաև տեղական և միջազգային ցուցահանդեսներին ոլորտային ընկերությունների փոխադարձ մասնակցությանը։
Ներկայացուցչական պատվիրակության կազմում են Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Ալեքսանդրե Ցուլաձեն, Վրաստանի «Նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության նախագահ Ավթանդիլ Կասրաձեն, Նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության նախագահի տեղակալ Թոռնիկե Ջոբավան։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Վրաստանի դեսպանատան դեսպանորդ Իրակլի Կվանչախաձեն։
Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակները, առաջիկա ծրագրերը, ոլորտի առաջընթացին ուղղված աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել տեխնոլոգիական կրթությանը, ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրերին, հետազոտությունների և մշակումներին (R&D), թվայնացման, ենթակառուցվածքների, մարզերում տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ իրականացվող գործունեությանը, մի շարք այլ թեմաների։
Իրակլի Նադարեիշվիլին իր հերթին մանրամասներ է ներկայացրել Վրաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքի, դրանց իրականացմանն ուղղված ներդրումային հնարավորությունների և քաղաքականության վերաբերյալ։
Հանդիպման ավարտին Իրակլի Նադարեիշվիլին Ռուբեն Սիմոնյանին հրավիրել է փոխադարձ այցով լինել Վրաստանում, տեղում ծանոթանալու ոլորտի էկոհամակարգին։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ ոլորտային փոխգործակցության ընդլայնման նպատակով երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող վրացական պատվիրակությունն այցելել է նաև Ինժեներական քաղաք, այնտեղ գտնվող Ազգային գերհամակարգչային կենտրոն, հանդիպում ունեցել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ղեկավարության հետ։ Այնուհետև, եղել են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ծանոթացել կենտրոնի գործունեությանը։