Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2024» ֆորումի բացման արարողությանը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2024» միջոցառումների շարքի բացման արարողությանը: Նախարարի առաջին տեղակալը շնորհավորել է ներկաներին միջոցառման մեկնարկի կապակցությամբ և նշել, որ նախարարությունը հանձնառություն է ստանձնել շարունակաբար աջակցելու նման նախաձեռնություններին՝ մշտապես ապավինելով հայ երիտասարդ տաղանդների մտքին ու գաղափարներին:
Նախարարի առաջին տեղակալը ողջունելով միջոցառմանը ներկա հայաստանյան և միջազգային գործընկերներին՝ բարձր է գնահատել Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը նպաստող արդյունավետ փոխհամագործակցության, տարբեր նախաձեռնությունների իրականացմանը նպաստելու նրանց դերակատարությունը:
«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը բացման խոսքում ընդգծել է ճարտարագիտության և բարձր տեխնոլոգիաների դերը Հայաստանի զարգացման համար՝ ինչպես տնտեսության և արդյունաբերության, այնպես էլ Հայաստանի՝ միջազգային ասպարեզում դիրքավորման տեսանկյունից:
«Կարևոր է գիտակցել այն ազդեցիկ ներուժը, որը ճարտարագիտությունն ու բարձր տեխնոլոգիաները կարող են ունենալ Հայաստանի զարգացման համար: Այս միջոցառումը միավորում է բոլոր կարևոր շահագրգիռ կողմերին՝ խթանելով նորարարությունը և համագործակցությունը: «Հայաստան-Ճարտարագիտության շաբաթ 2024»-ը ոչ միայն մեր առաջընթացի ցուցադրումն է, այլև հարթակ է կարևոր հարցերի բարձրացման, գիտելիքի և հմտությունների փոխանակման և կայուն զարգացման խթանման համար: Այսօր այս սենյակի ինժեներները վաղվա աշխարհի ճարտարապետներն են, որտեղ նորարարությունն ու հնարամտությունը սահմաններ չունեն»,-նշել է Բագրատ Ենգիբարյանը։
Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան, Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոն, ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, PMI Science-ի ՀՀ գիտահետազոտական բաժնի ղեկավար Գուրգեն Մարդոյանը և Հայաստանի ինժեներական ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանը:
«Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2024»-ը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Նեյշնլ Ինսթրումենթսի», «Սինոփսիս Արմենիայի», PMI Science գիտահետազոտական կենտրոնի «Ինժեներական քաղաքի», Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի, ՁԻՀ-ի «ԱԼԻՔ» երիտասարդական նախաձեռնության, ՁԻՀ Գիտական ինկուբատորի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի, «ՍայՀաբ Հայաստան» կիբեռանվտանգության նախաձեռնության, Հայաստանի Ազգային գերհամակարգչային կենտրոնի, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» և «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրերի և «Գիտուժ» նախաձեռնության հետ համագործակցությամբ։
Ֆորումի նպատակն է ներկայացնել ճարտարագիտության ոլորտի վերջին զարգացումները և ձեռքբերումները լայն լսարանին, խթանել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ճարտարագիտությունն ու արտադրությունը:
Ֆորումի ընթացքում ոլորտի առաջատար մասնագետները, ուսանողները, հետազոտողներն ու առաջադեմ տեխնոլոգիաներով և ճարտարագիտությամբ հետաքրքրված անձինք կներկայացնեն իրենց վերջին նախագծերը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավտոմոբիլաշինությունը, կիսահաղորդչային թեստավորումը, անլար հաղորդակցությունը, կենսաբժշկական ճարտարագիտությունը, կրթական տեխնոլոգիաները և արտադրությունը:
Ամենամյա այս միջոցառումների շարքն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 1-3-ը՝ Երևան և Վանաձոր քաղաքներում։