Министерство высокотехнологической промышленности РА
Министерство Высокотехнологической
Промышленности Республики Армения

Կիբեռանվտանգության հաքաթոնն ամփոփել է մրցույթը. լավագույն արդյունքներ գրանցած 3 թիմեր պարգևատրվել են

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցության շրջանակում հուլիսի 9-11-ն անցկացվող Կիբեռանվտանգության հաքաթոնն ամփոփել է արդյունքները: Միջոցառմանը մասնակցում էր շուրջ 65 մասնագետ՝ պետական կառույցներից, ֆինանսական, հեռահաղորդակցության և կենսական նշանակության ծառայություններ մատուցող կազմակերպություններից։

Առաջին մրցանակին է արժանացել Access Denied թիմը՝ ստանալով 2,5 մլն դրամ, 2-րդը՝ «Թիվ 1» թիմն էր, 3-րդը՝ HackShield-ը, որոնք համապատասխանաբար ստացել են 1.5 և 1 միլիոն դրամ՝ 10 թիմերի մրցապայքարում ներկայացնելով լավագույն լուծումները տվյալների պաշտպանության, կիբեռհարձակումների դիմագրավման, ցանցային անվտանգության բարելավման, սպառնալիքների վաղ հայտնաբերման վերաբերյալ։

ԲՏԱՆ ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը, շնորհավորելով մասնակիցներին, նշել է, որ նախարարությունը չափազանց կարևորում է տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության ուղղությամբ բարձրակարգ մասնագետների կարողությունների զարգացումը՝ ընդգծելով, որ «Գործնական հմտությունների կատարելագործում» ծրագրի շրջանակում առաջին անգամ անցկացվող Կիբեռանվտանգության հաքաթոնն առանցքային նշանակություն ունի կիբեռսպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից: 

Մասնակիցներին շնորհավորական խոսք է ուղղել ԲՏԱՆ թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը։ Նրա խոսքով` քանի որ կիբեռսպառնալիքները ցանցային են, դրանց դիմագրավելուն ուղղված ջանքերը նույնպես պետք է լինեն ցանցային` միավորելով ոլորտի կարողությունները, ստեղծելով միասնական անվտանգ առցանց միջավայր։

Տեղեկատվական համակարգերի գործակալության կիբեռանվտանգության տնօրեն Շանթ Քասարդջյանն էլ՝ շնորհավորելով կազմակերպիչներին և մասնակիցներին, կոչ է արել բոլորին շարունակաբար սովորել, կատարելագործվել և հմտությունները կիրառել գործնականում։

Միջոցառման նպատակն էր բարձրացնել տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության ոլորտի մասնագետների կարողություններն ու պատրաստվածությունը՝ դիմակայելու կիբեռսպառնալիքներին և մարտահրավերներին, խթանել կրիտիկական ենթակառուցվածքների միջև համագործակցությունը՝ ամրապնդելով կիբեռմիջադեպերին արձագանքելու ճկունությունը:

Похожие сообщения