Հայաստանը և ԵՄ-ն թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններով են փոխանակվել

նոյեմբեր 11, 2026

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում նոյեմբերի 9-10-ն անցկացվող ԵՄ «Կապակցվածության օրակարգի հարթակ»-ի թվային հարցերով նախարարական առաջին հանդիպման շրջանակում տեղի է ունեցել  EuroHPC JU ձեռնարկության հետ համագործակցության վերաբերյալ մտադրությունների համատեղ հայտարարության փոխանակում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդունաբերության և արհեստական բանականության նախարարության և Եվրոպական հանձնաժողովի միջև։

Հայտարարության փոխանակումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST)՝ Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին։

Հայտարարությամբ նախատեսվում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանի՝ «EuroHPC JU»-ի մասնակից պետություն դառնալու ուղղությամբ։ Դա հնարավորություն կտա հայաստանյան գիտահետազոտական, կրթական և տեխնոլոգիական կառույցներին՝ օգտվելու եվրոպական գերհամակարգչային ռեսուրսներից և խորացնելու համագործակցությունը եվրոպական նորարարական ցանցերի հետ։

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև Հայաստանում անվտանգ և վստահելի թվային 5G կապակցվածության վերաբերյալ մտադրությունների համատեղ հայտարարության փոխանակման արարողությունը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության, Եվրոպական հանձնաժողովի և շվեդական զարգացման ֆինանսավորման «Swedfund»-ի միջև։ Սրանով կողմերն արտահայտել են Հայաստանի հեռահաղորդակցության ցանցերի անվտանգության, դիմակայունության և վստահելիության ամրապնդման ուղղությամբ համագործակցելու մտադրությունը։

Հայտարարությունը  փոխանակել են  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը և ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստը։

Արարողություններին ներկա է եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը։