Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Քննարկվել են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցության ընդլայնման հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 24-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինի հետ։

Գևորգ Մանթաշյանը Դմիտրի Մարիյասինին է ներկայացրել նախարարության գործունեության շրջանակները՝ առանձնացնելով հիմնական հինգ ուղղություններ.
բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում և կիբեռանվանգություն, հեռահաղորդակցություն, կապի համակարգեր և տիեզերական տեխնոլոգիաներ, նորարարության և ստարտափների զարգացում։

Նախարարի առաջին տեղակալը մանրամասնել է յուրաքանչյուր ուղղությամբ իրականացվող աշխատանքների բնույթը, բովանդակությունը, նպատակներն ու ակնկալվող արդյունքները։

Նա անդրադարձել է նաև ARMSAT_1 Հայաստանի առաջին արբանյակի աշխատանքներին, ինչպես նաև ծրագրային ապահովման, արհեստական բանականության, միկրոէլեկտրոնիկայի, տիեզերական սարքաշինության բնագավառում Հայաստանի գրանցած ձեռքբերումներին, Եվրոպական տիեզերական գործակալության 2022 թվականի ծրագրերում հայ մասնագետների ներգրավման հնարավորություններին։

Դմիտրի Մարիյասինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել է, որ նախարարության հետ շատ արդյունավետ համագործակցություն է ձևավորված և նշել հետագայում ևս համատեղ ծրագրեր իրականացնելու կարևորությունը։ Նա ներկայացրել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործունեությունը, որը սկիզբ է առել դեռևս 1947թվականին՝ հետպատերազմական իրավիճակով պայմանավորված, նշել, որ տարիների ընթացքում հանձնաժողովի նպատակներն ու ուղղությունները բավական փոփոխվել են։ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) գործադիր քարտուղարի տեղակալը, գործունեության յուրաքանչյուր ուղղությամբ, մանրամասներ է ներկայացրել և առաջարկել ցանկության դեպքում ներգրավվել տեխնոլոգիական ոլորտներին առնչվող հարթակներում ու աշխատանքային խմբերում։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի ինովացիոն զարգացման զեկույցում ոլորտի առաջընթացին ուղղված առաջարկություններ ներկայացնելու շուրջ, քննարկվել են ՄԱԿ-ի մի շարք ծրագրերում նախարարության ներգրավվածության, համատեղ ծրագրեր իրականացնելու հետ կապված հարցեր։

Նմանատիպ գրառումներ