Նմանատիպ գրառումներ

Նախագծի նպատակը

Հայ երիտասարդներին հնարավորություն է տրվում ուսանել Սիլիկոնյան հովտում և ձեռք բերած գիտելիքն ու փորձառությունը կիսել ՀՀ ուսանողների և ձեռնարկատերերի հետ:

Նախագծի նկարագրությունը

Պետական կրթաթոշակ որն առաջին անգամ տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Դասընթացները կտևեն 7 շաբաթ, կանցկացվեն Դրեյփերի համալսարանում: Այն իր ընտրյալ ուսանողների ու համաշխարհային համբավ ունեցող ձեռնարկատեր-դասախոսների շնորհիվ անվանում են նաև Հերոսների համալսարան։ Իլոն Մասկից (Tesla, Inc.) մինչև Թիմ Վեսթերգրեն (Pandora Media Inc.), AirBnB-ի առաջնորդներից մինչև YouTube-ի հիմնադիրներ իրենց կրտսեր գործընկերներին կներկայացնեն գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհը՝ կիսվելով իրենց փորձով ու հաջողության բանաձևով։

Ծրագրի նախաձեռնող և ընտրված հայ ձեռներեցների ուսման հետ կապված բոլոր ծախսերը հոգացող կողմը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է:

Թիրախային խմբեր

Մինչև 21 տարին լրացած, ձեռնարկատիրական փորձ ունեցող անձինք, որոնք՝

  • ՏՏ ոլորտը «բեկող» գաղափար ունեն,
  • ցանկանում են այն իրագործել Հայաստանում,
  • տիրապետում են անգլերենին,
  • դասընթացներից հետո պատրաստ են երկու տարի իրենց գիտելիքը կիսել մարզերի ուսանողների և ապագա ձեռնարկատերերի հետ։

Լավագույններին ընտրելու են Դրեյփերի համալսարանի և ԲՏԱՆ կողմից լիազորված հատուկ հանձնաժողովի անդամները:

Ինչպե՞ս դիմել

ՏՏ ոլորտի համաշխարհային հսկաներին միավորած կրթական հարթակն արդեն բաց է ընդունելության համար․ հայտերն ընդունվում են մինչև հունվարի 27-ը։

Դիմեք այստեղ

 

Լրացուցիչ տեղեկություններ

Նախադեպը չունեցող կրթական ծրագիրը, փաստորեն, հաջորդում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Սիլիկոնյան հովիտ կատարած այցին, որին մասնակցում էր նաև ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։

Համաշխարհային ՏՏ հովանոցի ներքո գործող Դրեյփերի համալսարանի հիմնադիր, «Draper & Associates» վենչուրային ընկերության ղեկավար Թիմ Դրեյփերի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունն այս ծրագրի երաշխիքն էր։

***

Դրեյփերի համալսարանը Սիլիկոնյան հովտի ամենահայտնի գիտական կենտրոններից է։ Այն հիմնել է վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերը, որը ձեռներեցության և բիզնեսի զարգացման յուրօրինակ դասընթացներ է անցկացնում: Այս համալսարանում դասախոսները պրոֆեսորներ չեն․ նրանք իրական կյանքում թրծված ձեռնարկատերեր են, որոնք ուսանողների հետ կիսվում են իրենց փորձով՝ նախապատրաստելով նրանց պոտենցիալ ներդրողի հետ հանդիպմանն ու սեփական նախագծի, բիզնես ծրագրի կամ ստարթափի ներկայացմանը։ Համալսարանն այժմ 77 երկրից ուսանող ունի։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն