Նմանատիպ գրառումներ

Հուլիսի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոն։

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀԱՊՀ խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հոգաբարձուներ, բուհի բարերարներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, շրջանավարտներ ու ծնողներ:

Վարչապետը Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին հիշարժան օրվա առթիվ և նշել, որ  ՀՀ կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը և Ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ամենակարևոր առաքելությունն է՝ հաղթահարել այն պոտենցիալ վախերը, որ կարող են դեռ գոյություն ունենալ տեխնոլոգիաների նկատմամբ.

«Տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում մենք տեսնում ենք անսպասելի միտումներ, երբ տեխնոլոգիայի դարում մարդը փորձում է ավելի ու ավելի մոտիկ լինել բնությանը, ավելի ու ավելի մոտիկ լինել իր ծագմանը և ավելի ու ավելի մեծ ջանքեր գործադրել շրջակա միջավայրը պահպանելու, պաշտպանելու, բայց մյուս կողմից՝ շրջակա միջավայրը մարդուն, հասարակությանը, պետությանը, երկրին ծառայեցնելու»,- ասել է ՀՀ վարչապետը։

Շրջանավարտներին շնորհավորել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ Նախարարը բարի երթ է մաղթել շրջանավարտներին մասնագիտական առաջընթացի ճանապարհին, անդրադարձել է այն կարևոր առաքելությանը, որ իրականացնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը.

«Պոլիտեխնիկական ինստիտուտում ստացած կրթությունը  պահանջված է եղել բոլոր ժամանակներում, ներկայում ՝ առավել ևս, քանի որ 21-րդ դարը տեխնոլոգիաների դարաշրջան է, որտեղ տեխնոլոգիաները կյանքի բոլոր բնագավառներում են։ Վստահ եմ, որ Պոլիտեխնիկական համալսարանում ստացած գիտելիքները ձեզ համար հուսալի հիմք կդառնան մասնագիտական հաջողությունների հասնելու ճանապարհին», – ասել է Ռոբերտ Խաչատրյանը:

Նիկոլ Փաշինյանը ՀԱՊՀ մի շարք ներկայացուցիչների հանձնել է պարգևներ և շնորհակալագրեր՝ գիտության և կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար:

Պաշտոնյաները ներկա են գտնվել նաև շրջանավարտների ավարտական հագուստների, բուհի վարչակազմի և հոգաբարձուների հագուստների ցուցադրմանը, որոնք մոդելավորվել և մշակվել են Պոլիտեխնիկի 90-ամյա հոբելյանի նախաշեմին: