Ռազմարդյունաբերության կոմիտեն
Բովանդակություն
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեն նախարարությանը ենթակա մարմին է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:
Կոմիտեի հիմնական նպատակներն ու խնդիրներն են․
• հայրենական մրցունակ ռազմական արդյունաբերության ստեղծումը և զարգացումը,
• զինված ուժերի և այլ զորեքրի զորահավաքային պահանջմունքների բավարարումը,
• ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանման խթանման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը,
• ռազմատեխնիկական քաղաքականության իրագործումը, ռազմարդյունաբերության կայուն և նորարարական զարգացումը,
• զինված ուժերի սպառազինության ու ռազմական տեխնիկայի և դրանց առանձին հանգույցների ու սարքավորումների վերականգնման և արդիականացման աշխատանքների, ինչպես նաև նոր նմուշների մշակման ու արտադրության կազմակերպումը,
• ռազմարդյունաբերական համալիրում ռազմական պատվերի կատարման որակի հսկման ապահովումը,
• ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների միջոցով զինված ուժերի և այլ պատվիրատուների պատվերների կատարման ապահովումը,
• մասնակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում միջազգային համագործակցության գործընթացներին,
• ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող գիտական և գիտատեխնիկական մշակումների կազմակերպումը,
• ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրումը,
• ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորումը, հաստատումը և տեղադրումը,
• ռազմական կարիքների համար պետական պատվերի բնագավառում մենաշնորհից պաշտպանվածության ապահովումը,
• ռազմավարական հումքի, նյութերի և էլեկտրոնային դետալների պետական պահուստի ստեղծումը,
• ռազմարդյունաբերական գործունեության տարբեր ոլորտների ներդաշնակ զարգացումը,
• ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական կառավարման ապահովումը:
Կոմիտեն մշտապես աջակցում է ցուցաբերում նոր ձևավորվող ընկերություններին, մասնակցում է մարտական զենքի արտադրության համար լիցենզիա տրամադրող լիազոր մարմնի աշխատանքներին և տրամադրվող լիցենզիայի պայմանների նկատմամբ հսկողության իրականացմանը:
Կոմիտեն մշտապես նպաստում է պետություն-մասնավոր ներդրող համագործակցությանը, ձեռնարկում է քայլեր ռազմարդյունաբերության ոլորտ մասնավոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:
Հայրենական մրցունակ ռազմական արդյունաբերության ստեղծումը և զարգացումը Ռազմարդյունաբերության կոմիտեի գլխավոր նպատակներից է, ուստի մեծ տեղ է հատկացվում նոր գաղափարների կյանքի կոչմանը, արդիական արտադրատեսակների և տեխնոլոգիաների մշակման գործընթացներին:
Նորարար գաղափարների իրագործման ուղիներից մեկն է հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) ֆինանսավորումը:
Կատարվող հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների հիմնական ուղղություններն են․
• ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր,
• կապի և տվյալների գաղտնագրման և փոխանցման համակարգեր,
• արհեստական բանականությամբ համալրված անօդաչու թռչող սարքեր, ռոբոտացված համակարգեր,
• հակաօդային պաշտպանություն,
• օպտիկաէլեկտրոնային, լազերային և ջերմատեսիլ սարքեր,
• դիտարկման և պարագծի հսկման համակարգեր,
• 21-րդ դարի զինվորի հանդերձանք, անձնական պաշտպանության միջոցներ, բազմասպեկտրալ քողարկիչ ցանցեր,
• նոր ֆիզիկական սկզբունքների վրա հիմնված զինատեսակներ,
• ԱԹՍ֊ների, հրթիռների և ռումբերի կառավարման համակարգեր,
• հրթիռային կարծր վառելիքներ, բարձր էներգետիկ պայթուցիկ նյութեր:
Հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մրցույթին մասնակցելու համար ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են ԲՏԱ նախարարության կայքից ներբեռնել համապատասխան հայտի ձևը (Հավելված 1), պատշաճ լրացնել այն և առձեռն ներկայացնել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ 1-ին հարկ №1 պատուհան (հասցեն՝ ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 3): Հայտերն ընդունվում են երկուշաբթի-ուրբաթ, ժ․ 11.00-13.00:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ներկայացված հայտերն ամփոփվում է՝ ելնելով Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական կառավարման մարմինների հեռանկարային գերակայություններից և առաջնահերթություններից:
Հայտի քննարկման արդյունքի վերաբերյալ հայտատուն ծանուցվում է 3 ամսվա ընթացքում: Հետագա գործընթացը ուղղորդվում է Կոմիտեի կողմից:
Հարցերի դեպքում կարող եք գրել mic@hti.am էլեկտրոնային հասցեին: