ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲ ընկերությունը հարյուր տոկոս պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություն է, որի գործունեությունը կարգավորվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով, ընկերության կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով:
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը» հեռահաղորդակցական բնույթի ծառայություններ է մատուցում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։
Ընկերությունը ստեղծվել է 1957 թվականին: ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 362-Ա որոշմամբ ՀՀՌՑ-ին են վերապահվել նաև Հայաստանի Հանրապետության սեփականությունը համարվող թվային հեռարձակման ցանցը ստեղծելու, պահպանելու և շահագործելու գործառույթները:
Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են՝
• վերգետնյա հեռուստառադիոհեռարձակման և հեռահաղորդման ծառայությունների մատուցում,
• արբանյակային կապի ծառայությունների մատուցում,
• հեռահաղորդակցական ցանցերի կառուցում, պահպանում ու շահագործում,
• հեռուստառադիոընկերությունների, կապի օպերատորների, հեռահաղորդակցական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, տեխնիկական միջոցների ՀՀՌՑ-ի կայաններում տեղակայում ու սպասարկում,
• քաղաքաշինական և տեխնիկական ենթակառուցվածքների նախագծային փաստաթղթերի մշակում ու փորձաքննություն,
• շինարարական և մոնտաժային աշխատանքների իրականացում: